ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հրազդան գետի վրա փրփուրի հայտնվելու պատճառները պարզվել են, որոնվում են մեղավորները, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Երևանում Հրազդանի կիրճին հարող տների բնակիչներն ապրիլի վերջին դիմել են Բնապահպանության նախարարություն առ այն, որ Հրազդան գետի վրա տարօրինակ փրփուր է հայտնվել։ Ազդանշանները Բնապահպանության նախարարությունում ստացվել են ապրիլի 28–ին և մայիսի 6–ին, որոնց հիման վրա գերատեսչության փորձագետները ջրառ են կատարել` լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով։
«Լաբորատոր հետազոտությունների նախնական տվյալներով, գոտում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մաքրող և լվացող միջոցներ, ինչի կապակցությամբ կստուգվեն գետի հունի երկայնքով գործող բոլոր կազմակերպությունները»,– ասաց Մինասյանը, ընդգծելով, որ այդ միջոցները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։
Նա միաժամանակ նշեց, որ դաբնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ ջրահեռացման և ջրամատակարարման արդյունավետ մեխանիզմի և համակարգի բացակայության հետևանք է։
«Դա կարող է կապված լինել գետի երկայնքով տեղակայված ավտոլվացման կետի կամ ռեստորանի ջրահեռացման խնդիրների հետ, սակայն այս վարկածը պետք է ստուգվի և հաստատվի»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, դա կապված է լուրջ ներդրումների և համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ, ինչի համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, այդ թվում` օպերատիվ մոնիթորինգի համակարգի ներդրման հարցում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում