Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա

20.07.2019, 11:40
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ներում ՍԴ-ի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ հրապարակումները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեղադրել է Թովմասյանին ՍԴ-ն սեփականաշնորհելու մեջ և ասել, որ «մենք ուղիղ և փոխաբերական իմաստով ունենք 2019 թվականի Հայաստան և 1995 թվականի Սահմանադրական դատարան»:

«Ես այսպես պետք է պատասխանեմ, որքան վտանգավոր է այդ ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ նման ճնշում կա: Եվ եթե որպես լրագրող այդ հարցը բարձրացնում եք և մատնանշում եք, որ կան նման հրապարակումներ, դա նշանակում է, որ հանրային ընկալման մեջ նման կապ է երևում, նման երևույթ գոյություն ունի, ինչը նույնքան վտանգավոր է»,- ասաց Թովմասյանը:

Նրա կարծիքով, դա վտանգավոր է նաև այն առումով, որ դատական իշխանության նկատմամբ ընդհանրապես վստահությունը, եթե այդ ընկալումը կա, որ ճնշում է եղել, էականորեն փոքրանալու է և ընկնելու է այդ որոշման արժեքը:

«Ուստի, կհորդորեմ բոլորին ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, ինչը քրեորեն պատժելի է, այլ այնպիսի քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են նման տպավորություն ստեղծել, որ նման ճնշում կա: Իսկ մնացածը ես չեմ մեկնաբանի, մնացածն իրականում հանրության խնդիրն է և հանրային ընկալման խնդիր է»,- ասել է Թովմասյանը:

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 28-ին նամակ է ուղղել կառավարությանը, խորհրդարանին, նախագահին և Սահմանադրական դատարանի անդամներին, որում ասվում է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: -0-