«Հրավիրվում եք հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու». Փաշինյանը՝ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված տղաներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին ներկայանալ կենտրոնական հավաքակայան, առանց մեծ կուտակումների։
«Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան այդ հագուստներով և անհրաժետ փաստաթղթերով»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծել է, որ քանի որ այս հատվածի համար մոբիլիզիացիոն պլան նախատեսված չի եղել, այսինքն պետությունը նապատեսած չի եղել այդ հատվածին զինվորագրել, ինքը խնդրում է նրանց կամավոր դա անել։
«Ես խնդրում եմ նաև նարնց, եթե ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որեւէ ձեւով ուղարկել եւ կենտրոնացնել կենտրոնական հավաքակայանում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ինքն անհրաժեշտ հանձնարարականները տվել է, որ անվտանգության բոլոր միջոցառումները պահպանվեն:
«Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետև օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել: Ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք, հակառակորդի ողնաշարը ջարդենք, պետք է հաղթենք: Ի միջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, եւ եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- ասաց վարչապետը:-0-