ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է զարգացնել գիտական և տիեզերական զբոսաշրջությունը, երկուշաբթի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված գիտական ֆորումի ընթացքում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, հայտնում է
«ԱՌԿԱ» գործակալությունը։
Նա նշեց, որ Շվեյցարիայում բարձր են գնահատում Բյուրականի աստղադիտարանում հայ գիտնականների ձեռքբերումները և հետազոտությունները:
«Ես հիշում եմ, որ դեռ իմ դպրոցական տարիներին ուսուցիչները ներկայացնում էին մեզ խորհրդային աստղագետների ձեռքբերումները, և դրանում կարևոր դեր է խաղացել Հայաստանը», - ասաց Գասերը` ընդգծելով, որ նրանց հետազոտոթյունները հանգեցրել են համաշխարհային բացահայտումների:
Նրա խոսքով, հաշվի առնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտելիքներն ու ավանդույթները` Շվեյցարիայի դեսպանությունը որոշել է բարձրացնել համագործակցության մակարդակը և ընդլայնել դրա շրջանակը:
«Բյուրականի աստղադիտարանի առաջադեմ և նորարար մոտեցումները և գիտական աշխատանքները Հայաստանը ճանաչելի են դարձնում աշխարհի գիտական քարտեզի վրա, և կարծում եմ, որ շուտով կներկայացնենք Շվեյցարիայի դեսպանության և Բյուրականի աստղադիտարանի համագործակցության հետաքրքիր նախագիծ` ուղղված գիտական և տիեզերական զբոսաշրջությունը», - ասաց Գասերը:
ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։
Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։
1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը հայտարարվել է հանրապետության ազգային սեփականություն:
-0-