ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նախատեսում է վճարել Արցախի պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձերը, այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այսօր ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իր հրապարակած «ճանապարհային քարտեզի մեջ» և այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն:
«Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցվում են: Հույս ունեմ, որ կառավարության հաջորդ նիստում արդեն այդ որոշումը կընդունենք, բայց այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որեւէ խնդիր բուհերում պետք է չառաջանա, մինչև դե յուրե այդ որոշումը կկայացնենք և գումարները կփոխանցենք»,- հայտնել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ աջակցությունն այսքանով չի սահմանափակվում, իշխանությունները մշակում են որոշման այլ նախագծեր ևս, որոնք ներկայացված կլինեն կառավարության հաջորդ նիստի ընթացքում, որպեսզի հանրությունը ևս իրազեկված լինի: -0-