Հայ ուսանողները և նախարարությունների ղեկավարները համաձայնության եկան տարկետման հարցով

22.11.2017, 21:22
Աշխատանքային խումբ կստեղծվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի քննարկման նպատակով։
Հայ ուսանողները և նախարարությունների ղեկավարները համաձայնության եկան տարկետման հարցով
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային խումբ կստեղծվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի քննարկման նպատակով։ Խմբում կընդգրկվեն պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ։

Այդ մասին հայտնեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չորեքշաբթի «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում։ Քննարկումներին մասնակցել են նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Загружается новость ... "Право"

Հայ խորհրդարանականները նոյեմբերի 15–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Ինչպես նշեց Շարմազանովը, երկու շաբաթվա ընթացքում Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարություններում կքննարկվեն նախաձեռնության անդամների` հանդիպման ընթացքում բոլոր հնչեցրած հարցերը։

«Մենք ընդունում ենք, որ խնդիրը գոյություն ունի։ Դրա լուծման մեխանիզմները պետք է որոշի կառավարությունը, որը պատրաստ է լսել և քննարկել ձեր բոլոր առաջարկները»,– ասաց Շարմազանովը` դիմելով ուսանողներին։

Նա ավելացրեց, որ հնչեցրած հարցերը համակողմանի քննարկում են պահանջում։

«Մենք առաջարկում ենք գրավոր ֆիքսել ուսանողների հնչեցրած առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում և ներկայացնել ԿԳ և Պաշտխանության նախարարություններին։ Նաև առաջարկում ենք այդ գերատեսչությունների հետ համատեղ ձևավորել աշխատանքային խումբ, որն ուսանողների մասնակցությամբ մանրամասն կքննարկի կառավարության որոշումների վերաբերյալ մոտեցումները, ինչպես նաև համաձայնության հասնելու տարբերակները»,– ասաց Շարմազանովը։

Հանդիպման ընթացքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն առաջարկեցին բանակից տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն անցկացնել, որը թույլ կտա միաժամանակ ապահովել կայուն կրթություն և կոռուպցիոն ռիսկերի բացառում։ Իրենց առաջարկությունների մանրամասները նրանք խոստացան ներկայացնել գերատեսչություններին գրավոր տեսքով։ -0-