ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնում է Սարի թաղում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների փոփոխության մասին ՊՊԾ գնդի զավթման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հասարակական տրանսպորտի երթևեկը Սարի թաղում կիրականացվի հետևյալ երթուղով` Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ - Դավիթ Բեկի - Ազատամարտիկների - Սասունցի Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - «Այրարատ» կ/թ։
Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ - Տիգրան Մեծի պողոտա - Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Սասունցի Դավթի - Ազատամարտիկների - Դավիթ Բեկի փողոցներ - Սարի թաղ։
Ինչպես նշեցին քաղաքապետարանից, որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան 200 մարդու, սակայն առավոտյան նրանց բոլորին ազատ են արձակել։
Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում