Համի տոն. Երևանում առաջին անգամ կանցկացվի ռեստորանային ուտեստների փառատոն

31.08.2017, 18:00
Սեպտեմբերի 21-23-ը Երևանում առաջին անգամ «Yerevan Food Fest» փառատոնը:
 Համի տոն. Երևանում առաջին անգամ կանցկացվի ռեստորանային ուտեստների փառատոն
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 21-23-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի ռեստորանային ուտեստների «Yerevan Food Fest» փառատոնը, այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդել են միջոցառման կազմակերպիչները։

Միջոցառման առաջին երկու օրերին` սեպտեմբերի 21-22–ին, հրավիրված ոլորտի ճանաչված փորձագետները առանձնացված երկու հարթակներում` The LOFT և Complex Bar, կանցկացնեն վարպետության դասներ, վորքշոփեր և հրապարակային դասխոսություններ կկարդան փառատոնի մասնակիցների և բոլոր ցանկացողների համար։

Փառատոնի բանախոսների թվում են ոլորտի այնպիսի փորձագետներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասի ռեստորանների և հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովան, հայտնի գաստրոնոմիկ բլոգեր Աննա Դզյուբան, ինչպես նաև լրագրողներ, ռեստորանների սեփականատերեր և ոլորտի փորձագետներ:

Փառատոնի գագաթնակետը կլինի սեպտեմբերի 23-ի մեծ բացօթյա միջոցառումը, որը տեղի կունենա մայրաքաղաքի ամենահայտնի կենտրոնական զբոսայգիներից մեկում` Անգլիական զբոսայգում `Երևանի ռեստորանների, խոհարարների և գաստրոարդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երևանի ռեստորանների շեֆ–խոհարարները փառատոնի մասնակիցների համար վարպետության դասեր կանցկացնեն։

Միջոցառմանը կմասնակցեն երևանյան 30 ռեստորաններ, որոնք հանդիսատեսի դատին կհանձնեն ոչ միայն սիրված ճաշատեսակներ, այլև փառատոնի համար նախատեսված հատուկ ճաշատեսակ։


«Yerevan Food Fest»–ը «Հարթակ» փառատոնի մաս է, որն արդեն ճանաչված և սիրված է երևանյան հանդիսատեսի կողմից վարպետության դասերով։ Փառատոնը միավորում է ամենատարբեր թեմաներ. բարձր տեխնոլոգիաներից մինչև արվեստ, և մեծ հաջողությամբ անցկացվում է արդեն 3-րդ տարին։ Հաշվի առնելով հանդիսատեսի հետաքրքրությունը` որոշում է կայացվել, որ ռեստորանային և գաստրոնոմիկ թեմաներն արժանի են առանձին փառատոնի։-0-