Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու սկանդալային տեսանյութն ու հրապարակումն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

22.11.2019, 14:08
Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու սկանդալային տեսանյութն ու հրապարակումն ուղարկվել են ՀՔԾ:
Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու սկանդալային տեսանյութն ու հրապարակումն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո։

«Արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով», – նշել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, բռնի ուժ կիրառելով քաղաքացու նկատմամբ, փորձում ցուցմունք կորզել։ Թաթոյանը նշել է, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։–0–