ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետը ստորագրել է ՀՀ նախագահին ուղղված միջորդությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ըթնացքում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ:
Загружается новость ... "Лево"
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է վարչապետն իր Facebook-յան էջում:
Հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-