Freedom House. Հայաստանն ու Արցախը «մասամբ ազատ» երկրներ են

16.01.2018, 17:37
Freedom House կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցում Հայաստանին ու Արցախին ներառել է «մասամբ ազատ» երկրների խմբում։
Freedom House. Հայաստանն ու Արցախը «մասամբ ազատ» երկրներ են
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2018» (Freedom In the World - 2018) զեկույցում Հայաստանին ու Արցախին ներառել է «մասամբ ազատ» երկրների խմբում։

Նախորդ տարի հայկական երկու պետությունները կրկին ներառվել էին նույն խմբում։

Freedom In the World – 2018 զեկույցը գնահատում է հասարակ քաղաքացիների իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը 195 անկախ պետություններում և 15 վիճահարույց տարածքներում։ Վատագույն ցուցանիշը գնահատվում է 0, լավագույնը` 100։

Հայաստանը հավաքել է 44 միավոր, Արցախը, որը ներառված է «վիճահարույց տարածքների» խմբում, հավաքել է 30 միավոր։

Զեկույցում նշվում է նաև երկրներում քաղաքական իրավունքների (ՔԻ) և քաղաքացիական ազատությունների (ՔԱ) մակարդակի գնահատականը` 1–7 սանդղակով, որտեղ 1–ը առավելագույն ազատության ցուցանիշն է, 7–ը` նվազագույն։ Հայաստանը ՔԻ–ի ցուցանիշով հավաքել է 5 միավոր, ՔԱ–ի ցուցանիշով` 4։ Արցախը երկու ցուցանիշներով հավաքել է 5 միավոր։

Հետխորհրդային տարածքի պետություններից «մասամբ ազատ» երկրների խմբում ներառվել են նաև Վրաստանը (64 միավոր), Ղրղզըստանը (37), Ուկրաինան (62) և Մոլդովան (61)։

«Ոչ ազատ» երկրների խմբում են Ղազախստանը (22) ՌԴ–ն (20), Բելառուսը (21), Ադրբեջանը (12), Տաջիկստանը (11), Ուզբեկստանը (7) և Թուրքմենստանը (4)։

«Ոչ ազատ» խմբում են նաև Իրանը (17) և Թուրքիան (32), որը նախորդ տարվա զեկույցում ներառվել էր «մասամբ ազատ» պետությունների ցանկում։

Առավել «ազատ» երկրների ցանկում առաջատարներն են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան (100), Կանադան (99), Ուրուգվայը (98) և Դանիան (97)։ Այս խմբում ընդհանուր առմամբ ներառվել է 88 պետություն կամ 45 տոկոսը։ «Մասամբ ազատ» երկրների խմբում 58 պետություն է (30 տոկոս)։

Վատագույն ցուցանիշը գրանցվել է Տիբեթում (1 միավոր), Հարավային Սուդանում (2 միավոր) և Հյուսիսային Կորեայում (3 միավոր)։ Սիրիան ունի -1 միավոր։ Այս խմբում ներառվել է 49 պետություն (25 տոկոս)։–0–