Երևանում ՊՊԾ գնդում պահվող պատանդներից երկուսն ազատ են արձակվել. ԱԱԾ

23.07.2016, 14:08
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Երևաում պարեկապահակային ծառայության գրավված գնդի տարածքից երկու պատանդների ազատումը։
Երևանում ՊՊԾ գնդում պահվող պատանդներից երկուսն ազատ են արձակվել. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Երևաում պարեկապահակային ծառայության գրավված գնդի տարածքից երկու պատանդների ազատումը։

«Հաստատում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամավոր ազատել են պատանդ պահվող երկու ոստիկանների։ Այլ լուրեր այս պահին, ելնելով բանակցային գործընթացի շահերից, հայտնել չեմ կարող»,- ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավածները ներկայացրել են պատանդներին ազատելու պայմանները>>

Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացը շարունակվում է, քննարկվում են պատանդ պահվող ևս երկու ոստիկանների ազատման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա համարվող այլ հարցեր։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–