ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի օրը Երևանում ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները համաձայնել են ազատել պատանդներին մի պայմանով, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Այս պահին առկա տվյալներով, խմբի անդամները ՊՊԾ գնդում պահում են չորս ոստիկանների, այդ թվում՝ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ղարաբաղցի պատգամավոր, արցախյան պատերազմի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը պայմանավորություն է ձեռք բերել զինված խմբի անդամների հետ այն մասին, որ պատանդները բաց կթողնվեն։ Խմբի անդամները համաձայնել են սկզբից բաց թողնել երկու պատանդ ոստիկաններին, այնուհետև գեներալին և գնդապետին այն պայմանով, որ իրենց համար մամուլի կետ կկազմակերպվի։
Ավելի վաղ Բալասանյանի միջնորդությամբ կայացել էր զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հանդիպումը։
Նրա խոսքով, գործընթացը շարունակվում է, համաձայնություն կա։ «Հավանաբար, մի քանի ժամից կլուծվի չեզոք գոտում ԶԼՄ-ներ ապահովելու հարցը։ Այն կվերահսկի ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը, կապահովենք մամուլի կենտրոնի շուրջօրյա աշխատանք և, միաժամանակ, նույն պահին ազատ կարձակվեն երկու պատանդներ»,- ասաց Բալասանյանը։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում