Ռեպրեսիա և բռնատիրություն. Հայաստանի քաղաքական ուժերն արձագանքել են Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը

ԵՐԵՎԱՆ, 14 հունսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կիրակի օրը մի շարք հայ քաղաքական կուսակցություններ հանդես եկան կոշտ հայտարարություններով՝ կապված ԱԱԾ սպաների կողմից կիրակի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության առաջնորդ, խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի առանձնատանն անցկացրած խուզարկության հետ:
Կիրակի առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն խուզարկում են Ծառուկյանի՝ Առինջ համայնքում (Կոտայքի մարզ) գտնվող առանձնատունը: Խոսելով իր տան մոտ հավաքված մարդկանց հետ՝ քաղաքական գործիչն ասաց, որ իր և նրա գործընկերների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են և ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ:
Այնուհետև Ծառուկյանին կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննության: Երևանի կենտրոնում գրասենյակի շենքի դիմաց զանգվածային հավաք սկսվեց ԲՀԿ-ական պատգամավորների, իրավապաշտպանների և շարքային քաղաքացիների մասնակցությամբ:
Իրավապահները բազմիցս կոչ են արել մարդկանց ցրվել, բայց անօգուտ: Այնուհետև հայտնի դարձավ, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 91 ցուցարարի:
ՀՅԴ․ սա ընդդիմության դեմ ուղղված ռեպրեսիա է
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշել է, որ իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:
«Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՅԴ-ն ևս մեկ անգամ, պահանջել է իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»։
Կուսակցության խորհրդի կարծիքով՝ դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է:
«Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նրանց կարծիքով՝ իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:
ՀՀԿ-ն կառավարությանը մեղադրել է ռեպրեսիայի մեջ
Երկրի նախկին իշխող կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը նույնպես հանդես է եկել մեկնաբանությամբ: Ինչպես հայտարարել է Կուսակցության Գերագույն մարմնի անդամ, Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ևս մեկ անգամ ակնհայտ է դարձել, որ քաղաքական հետապնդումներից, ռեպրեսիաներից բացի, այս իշխանությունն ընդդիամախոսներին լռեցնելու այլ ճանապարհ պարզապես չունի։
Նրա խոսքով՝ սկզբում իշխանությունն այս մեթոդներով փորձ արեց լռեցնել «Հանրապետական» կուսակցությանը, հետո Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին, հետո Հրայր Թովմասյանին, որի աղջիկներին կանչեցին Ազգային անվտանգության ծառայություն, հետո Էդմոն Մարուքյանն էր և այլն։
«Հիմա թիրախում է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ, որովհետև Ծառուկյանը հնչեցրել է ընդդիմադիր խոսք ու բարձրացրել Կառավարության 100 տոկոսի հրաժարկանի հարցը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը, երբ որևէ ընդդիմադիր փորձում է ակտիվանալ, իշխանությունը գործի է դնում իր միակ մեխանիզմը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս նաև նշեց, որ իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից այսօր հրահանգված գործողությունները ցույց են տալիս նաև, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունն իրեն համախմբի և ուղարկի հավիտենական արձակուրդի։
«Լուսավոր Հայաստանը» քաղաքական գնահատական կտա
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության կառավարման խորհուրդը միայն համառոտ հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին։
«Բնականաբար թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները»,- նշվում է հայտարարության մեջ։
«Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը հայտարարել է իշխանությունների ամենաթողության մասին
«Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։ Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է»,- ասել է նա։
Տոնոյաին խոսքով՝ իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։
Նա հայտարարել է, որ վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: «Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ»,- նշել է Տոնոյանը։
Հայտնելով այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, նա ընդգծել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։
«Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը: Մենք վճռական ենք օրենքի տառին և ոգուն հավատարիմ շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության»,- ասվում է Տոնոյանի հայտարարության մեջ։-0-