Ձերբակալվել է Վարչապետի մասին կեղծ լուրեր տարածող՝ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի վարողը (ՎԻԴԵՈ)

05.01.2020, 22:19
ՀՀ ԱԱԾ-ն պարզել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը (ՎԻԴԵՈ)
Ձերբակալվել է Վարչապետի մասին կեղծ լուրեր տարածող՝ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի վարողը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին անդրադարձել է մամուլում շրջանառվող կեղծ լուրերին այն մասին, իբրև ինքը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար»: Նա ասել է, որ լուրը հայտնվել է ադրբեջանական մամուլում և դարձել օրվա թրենդ: Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվել է իրանական մամուլում և դարձել որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր։ Այս օրինակը բերելով՝ վարչապետը նշել է, որ «խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-