ԲՀԿ-ի և իշխանությունների առճակատումը նոր թափ է հավաքում. ԲՀԿ-ն պատասխանել է Փաշինյանի խոսնակին

06.06.2020, 13:16
ԲՀԿ-ի և իշխանությունների առճակատումը նոր թափ է հավաքում. ԲՀԿ-ն պատասխանել է Փաշինյանի խոսնակին

ԲՀԿ-ի և իշխանությունների առճակատումը նոր թափ է հավաքում. ԲՀԿ-ն պատասխանել է Փաշինյանի խոսնակին

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ-ում տրվեց ներքաղական ակտիվության նոր փուլի մեկնարկը: Եվ այս գործընթացի մեկնարկը տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, ով նախօրեին հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։

Загружается новость ... "Лево"

Ուրբաթ ելույթ ունենալով ԲՀԿ Քաղխորհրդի նիստին` Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության այս կազմով հնարավոր չէր նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել։

 Վարչապետի խոսնակի արձագանքը

Ծառուկյանի ելույթին արձագանքել էր վարչապետի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային», – նշել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ:

ԲՀԿ-ի արձագանքը

Շաբաթ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել է, որ իրենք ենթադրում էին, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէին պատկերացնում դրա իրական մասշտաբները։

«Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը»,- նշել է նա:

Տոնոյանն ընդգծել է, որ վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։

«Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը»,- հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարը: 


Նրա խոսքով, ստացվում է, որ իշխանությունն ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Նա նաև ընդգծել է, որ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։

«Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար»,-հայտնել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:-0-