Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվեց Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվեց որպես առաջնորդանիստ:
Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել: 2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնեցին առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները:
2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է: Առաջնորդարանի երկհարկանի շենքը կանգուն է, ներսում կատարվել են անհրաժեշտ կահավորման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման և օդորակման համակարգ, արդիականացվել է եկեղեցու լուսավորությունը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:
Վարդանյանների ֆինանսավորմամբ, հիմնովին վերակառուցվել և ընդլայնվել է նաև եկեղեցու մոմավառության սրահը, որտեղ տեղադրվել է 12 սրբապատկեր: Նշված աշխատանքների իրականացման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 161 մլն դրամ: