Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել մեդիապատերազմի մասնակիցներին

24.02.2016, 14:03
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել լրագրողներին և քաղաքական գործիչներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորների միջև ծագած կոնֆլիկտում:
Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել մեդիապատերազմի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել լրագրողներին և քաղաքական գործիչներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորների միջև ծագած կոնֆլիկտում:

Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախօրեին խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքի դեմ: Օրեր առաջ նա վիրավորել էր մի լրագրողի:

Եռման կետ. հայ լրագրողները` պատգամավորների լկտիության դեմ>>

Ինչպես գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում, նա միջամտում է պատգամավորների և լրագրողների մեդիապատերազմին բացառապես այն պատճառով, որ, երազելով ժողովրդավար Հայաստանի մասին, չի կարող անտեսել ազատ և պրոֆեսիոնալ մամուլի կայացման անհրաժեշտությունը։

Աշոտյանը գրել է, որ առանց լրագրողների քաղաքական գործիչները գոյություն չունեն` միաժամանակ ավելացնելով, որ ուղիղ և անկեղծ կլինի։

1. Վիրավորանքը անթույլատրելի է հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ասում եք, պատգամավորը ձեզ վիրավորել է։ Դնում եմ մի կողմ ապացուցողական բազայի թուլությունը, բայց հիշեք ինքներդ, ինչպես ձեզանից որոշները իրար մեջ զրույցներում անհարգալից, կպնողական և վիրավորական արտահայտություններ եք թույլ տալիս որոշ քաղաքական գործիչների հասցեին։ Չեմ արդարացնում ոչինչ, այդ թվում` նման պահվածքը։ Հետևությոն 1. Ուզում եք հարգված լինել` հարգեք ուրիշներին։

2. Ձեզանից ոմանք անհարգալից են անգամ իրար հանդեպ։ Մամուլում դժվար չէ գտնել բազում օրինակներ, երբ մի ԶԼՄ պիտակավորում և վիրավորում է մեկ այլ լրատվամիջոցի` ընդհուպ անձնական տիրույթ ներխուժելով։ Հետևություն 2. Հարգեք իրար, որպեսզի հարգված լինեք մյուսների կողմից։

3. Անձամբ եմ քանիցս բախվել խնդրի, երբ նույն Ազգային ժողովի դահլիճում որոշ տեսախցիկներ համառորեն որսում էին հեռախոսիս էկրանի պարունակությունը։ Տհաճ էր և անդուր։ Հետևություն 3. Մի արեք ուրիշներին այն, ինչ չեք ցանկանում, որ կրկնեն ձեր հանդեպ։

4. Միշտ էլ կգտնվեն գործիչներ, որոնք իրենց հարցերը կփորձեն լուծել ձեր ձեռքերով։ Ինքս եղել եմ նման լրատվական ուղղորդումների թիրախ, գիտեմ, դա ինչ է։ Նման դեպքերում հիշում եմ ԽԱՂԱԼԻՔ ֆիլմի հայտնի դրվագը իր հարցով` թե ով է իրականում ավելի մեծ հրեշը. պատվիրատուն թե կատարողը»,– գրել է նախարարը։

Որպես հետգրություն նա ավելացրել է, որ ներողություն է խնդրում այն լրագրողներից, ում իր խոսքերը չէին վերաբերում, բայց նորից ասել է, որ Հայաստանի ապագան ԶԼՄ–ների ներկայացուցիչներից կախված է նույնքան, որքան քաղաքական գործիչներից։ -0-