Երևանն ու Թեհրանը հերքում են Իրանի և Հայաստանի միջև 500մլն դոլարի ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի Արմենիա/․ Օրերս իրանական Iran International հրատարակությունը հաղորդել էր, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։
Խոսքը, մասնավորապես, «Շահեդ-136», «Շահեդ-129», «Շահեդ-197», «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Խորդադ-3», «Մաջիդ», «Խորդադ-15» և «Արման» զենիթահրթիռային համակարգերի մասին էր։
Ավելի ուշ, «Արմենպրես» գործակալությանը տված մեկնաբանության մեջ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը` այն որակելով «մտացածին և հորինված»։
«Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում», – նշել էր Թորոսյանը։
Տարածված տեղեկությունները մեկնաբանել են նաև ՀՀ–ում Իրանի դեսպանատնից։
Մասնավորապես «Ազատությանը» Իրանի դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրների միջև նման համաձայնագրի ստորագրման մասին լուրերը կեղծ են։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ նման տեղեկության նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է։
«Ադ տեղեկատվության աղբյուրը ոչ հավաստի մի լրատվամիջոց է, որը հայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծություններով և ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու պատմությամբ», – ընդգծել է ՀՀ–ում Իրանի դեսպանը։