Եռման կետ. հայ լրագրողները` պատգամավորների լկտիության դեմ

23.02.2016, 18:35
Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները երեքշաբթի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ` բողոքելով ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծի դեմ, ով օրերս վիրավորել է լրագրողներից մեկին։
Եռման կետ. հայ լրագրողները` պատգամավորների լկտիության դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները երեքշաբթի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ` բողոքելով ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծի դեմ, ով օրերս վիրավորել է լրագրողներից մեկին։

Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 50 լրագրող։ Ակցիայի շրջանակում կազմակերպվեց հայտարարության ստորագրահավաք, որով դատապարտվում է պատգամավորի վարքագիծը։ Այդ հայտարարությունը կփոխանցվի ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողով։

«Ուզում ենք, որպեսզի Մհեր Սեդրակյանի վարքն Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնա։ Կոչ ենք արել նաև բոլոր խմբակցություններին միանալ նախօրեին տարածված հայտարարությանը, որով դատապարտվում է նման վարքագիծը», – ասաց Փայլակ Ֆահրադյանը, որին հասցեագրված են եղել պատգամավորի խոսքերը։ Նա նշեց, որ ակցիան ուղղված է ոչ թե կոնկրետ մարդու, այլ` երևույթի դեմ։

«Առաջին անգամ չէ, որ պատգամավորները վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս լրագրողների հասցեին։ Վերջիերջո, գալիս է մի պահ, երբ մեր համբերության բաժակը լցվում է», – նշեց Ֆահրադյանը։

Նրա խոսքով` ստորագրահավաքին միացել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ուլիխանյանն ու Էդմոն Մարուքյանը։ «Ուրբաթ մենք հայտարարությունը կներկայացնենք Էթիկայի հանձնաժողով», – ընդգծեց Ֆահրադյանը։

Նա ավելացրեց, որ այս պահին Մհեր Սեդրակյանը ժխտում է իր արտահայտությունների այն մասը, որոնք չեն ֆիքսվել տեսախցիկների կողմից։ Ֆահրադյանը, մասնավորապես, պնդում է, որ պատգամավորը հավաքվածներին անվանել է «նախիր»։ Սեդրակյանը դա ժխտում է։

Պատգամավորների աջակցությունը

Որոշ պատգամավորներ որոշեցին աջակցել ակտիվիստներին։ Նրանք մոտեցան խորհրդարանի դարպասներին և ելույթ ունեցան։ Այսպես, ԲՀԿ–ից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ նրանք համաձայն են այն փաստի հետ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանված լինի։ «Լրագրողներն այն մարդիկ են, ովքեր իրականացնում են հասարակական կարևոր գործառույթներից մեկը։ Եվ մենք կարծում ենք, որ ո՛չ պատգամավորը, ո՛չ ցանկացած այլ քաղաքացի իրավունք չունի միջամտել այդ գործառույթների իրականացման գործընթացին։ Ձեր գործունեությունն արժանի է հարգանքի, այլ ոչ թե վիրավորանքի», – ընդգծեց Էնֆիաջյանը։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ լրագորղների շրջանում գրանցված թուլությունն ու պառակտումը կհանգեցնի նրանց «ոչնչացման»։ Նա կոչ արեց հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչներին լինել տոկուն և ուժեղ։ «Եթե դուք դառնաք մեկ ամբողջություն, ոչ մի պատգամավոր կամ փողոցային ժառգոնով խոսացող ցանկացած անձանց չի կարող ոտնահարել ձեր իրավունքները», – ավելացրեց Մանուկյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հասարակությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի լրագրողների իրավունքներին։ «Իհարկե, ոչ միշտ է, որ լրագրողների տրված հարցերը հաճելի են պատգամավորներին և քաղաքական գործիչներին, լինի դա ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչ, այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ լրագրողները մեզ հարցեր են տալիս, որոնք հետաքրքրությում են հասարակությանը, իսկ նման հարցերին պատասխանելը մեր ուղղակի պարտավորությունն է», – ավելացրեց Փաշինյանը։

Մեղավո՞ր չէ 

Սեդրակյանի վարքը երեքշաբթի քննարկել են նաև ՀՀԿ–ի խմբակցությունում։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ զրուցել է Սեդրակյանի հետ։

«Ինձ թվում է՝ դա եղել է պարզապես բորբոքվածություն... Նման հայհոյանք չի եղել, նա ժխտում է, որ եղել է: Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ, բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես զգոն լինեն` իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված: Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում», – նշեց Բաղդասարյանը։–0–