Առաջին հայկական Hayasat-1 արբանյակն ավարտել է իր առաքելությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 26-ին, Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Hayasat-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը, հայտնել են Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից։
«Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը»,– նշվում է Bazoomq–ի Facebook-յան էջում։
Այդուհանդերձ, Bazoomq–ից նշեցին, որ «Hayasat-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններ ու փորձ, ինչը թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Hayasat-1»-ը հաջողությամբ արձակվել է մերձերկրյա ուղեծիր 2023թ․–ի դեկտեմբերի 1–ին։
Արձակումը տեղի է ունեցել SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով Վանդեներգի կայանից (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Արբանյակը կշռում էր 1 կգ, ուներ 10 սմ X 10 սմ X 10 սմ չափսեր, Երկրի շուրջը կատարում էր մեկ լրիվ պտույտ յուրաքանչյուր 1.5 ժամը մեկ։ Արբանյակի կողմից ուղարկված ազդանշանները կարող էին որսալ, երբ դրանք անցնում էին Հայաստանի երկնքով։