ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել

13.04.2021, 12:46
ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել
ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությա կայքում հրապարակվել է հայտարարություն Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։

Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին», – նշվում է հայտարարության մեջ։

Գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ավելի վաղ զբաղեցրել է ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, սակայն հեռացվել է պաշտոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2016թ.–ի ապրիլի 26–ին` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Փաշինյանի հրամանով 2021թ.–ի ապրիլի 6–ին Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Նա դարձել էր  Փաշինյանի խորհրդականը 2018թ.–ի դեկտեմբերին այն բանից հետո, երբ «Մարտի 1»–ի գործով ցուցմունք էր տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։–0–