ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ նախագահն այցելել է Բաքու, նախագահի աշխատակազմը պարզաբանում է

09.03.2021, 14:26
ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ նախագահն այցելել է Բաքու, նախագահի աշխատակազմը պարզաբանում է
ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ նախագահն այցելել է Բաքու, նախագահի աշխատակազմը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունների կապակցությամբ այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում։

«Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում», – նշում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

«Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց», – հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am–ը, հղում անելով «Իրավունք» թերթին, որն իր հերթին մեջբերում է ՀՀ-ում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի խոսքերը,  ՀՀ նախագահ Ար­մեն Սարգսյանը բրիտա­նական շահերի կամակատարն է մեր տա­րածաշրջանում:

«ՀՀ նախագահին հարցրեք՝ ի՞նչ էր անում նոյեմբերի 17-ին Բաքվում: Նա և նրա բոլոր աշխատողները վարձատր­վում են մեր հարկերի հաշվին, և մենք՝ որպես հարկատու, պահանջում ենք ծա­ռայել ՀՀ շահերին: Եթե ոչ, ապա Արմեն Սարգսյանը թող նստի ինքնաթիռ և Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար) հետ գնա Լոնդոն: Մենք իրեն այդ շանսն ու միջանցքը տալիս ենք», – մեջբերում է թերթը Արայիկ Սարգսյանի խոսքերը:–0–