Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությանը

22.12.2020, 17:00
Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությանը
Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությանը
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմությունը «Իմ քայլը» իշխող խմբակցությանը ժամանակ է տվել մինչև 18։00–ն, որպեսզի գան և քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարության հետ։

Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հնարավորություն ենք տալիս նրանց գալ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Քննարկման թեման է վարչապետի պաշտոնն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները», – ասաց նա լրագրողներին։

Նա նաև տեղեկացրեց, որ «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ խուճապի մեջ են, նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր ճիշտ են գնահատում իրավիճակը։

Սաղաթելյանը նաև նշեց, որ պատգամավորները դեռ ունեն «հումանիտար միջանցք» և ժողովրդի պահանջին միանալու հնարավորություն։

Նա ասաց, որ Հայաստանի մարզերում փակ են բազմաթիվ մայրուղիներ, ընկերությունները հայտարարում են գործադուլ։

Սաղաթելյանը նշեց, որ ցուցարարները շրջափակել են կառավարության, ԿԳՄՍՆ–ի և Գլխավոր դատախազության շենքերը։–0–