Երևանում ստորագրահավաք է կազմակերպվել` ի աջակցություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի

28.02.2021, 20:24
Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք էր կազմակերպվել` ի աջակցություն ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով կալանքի տակ է
Երևանում ստորագրահավաք է կազմակերպվել` ի աջակցություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք էր կազմակերպվել` ի աջակցություն ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով կալանքի տակ է։

Իրավաբաններն ու քաղաքացիները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Սաղաթելյանին, հայտարարել են, որ նրա նկատմամբ հետապնդումը կրում է քաղաքական բնույթ, նրա կալանքի համար որևէ իրավական հիմք չկա։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այդ ստորագրությունները կարող են դեր խաղալ Վերաքննիչ դատարանում գործը քննելիս։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչության դեմ պայքարող մարդիկ դարձել են «սպառնալիք» գործող իշխանությունների համար։ Հենց դրանով է նա բացատրում Սաղաթելյանի դեմ իրականացվող արշավը։

«Իշխանությունների թիրախ են դարձել այն մարդիկ, ովքեր պայքարել են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի դեմ` հանուն մեր պետականության»,  – ասաց Մինասյանը։

Նախօրեին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը ևս հայտարարեցին, որ Սաղաթելյանի կալանքը կրում է քաղաքական բնույթ։

Ինչու՞մ են մեղադրվում Արա Սաղաթելյանին ու նրա համախոհներին

Փետրվարի 19–ին ԱԱԾ–ն բերման էր ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ու ևս հինգ քաղաքացու։ Բեքարյանին, Սաղաթելյանին և ևս երկու ձերբակալվածի մեղսագրվում է, մասնավորապես, #Gagik_Soghomonyan անունով ֆեյքային էջի կառավարում և չթույլատրված տեղեկատվության հրապարակում։ 

Ձերբակալելուց առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի և Բեքարյանի աշխատասենյակները։ Փաստաբանների խոսքերով, խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և համակարգիչներ ՀՀ Սահմանադրության և ՔՕ կոպիտ խախտումներով։

ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև Սաղաթելյանի գրասենյակի երեք աշխատակիցները, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, նրա հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը ևս առգրավվել են։ Էլիբեգովային և Մելոյանին հարցաքննել են, այնուհետև ազատ են արձակել։ 

Բեքարյանին և Սաղաթելյանին նույն երեկո մեղադրանքներ են առաջադրվել երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։

Փետրվարի 21–ին Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց, նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը կարծում է, որ առաջադրված մեղադրանքներն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն են և որևէ կերպ չփաստարկված։

Հաջորդ օրը Երևանի դատարանը մերժեց Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչների միջնորդոթյունը։ Դուրս գալով դատարանի շենքից` Բեքարյանը հայտարարեց, որ այս գործընթացը համարում է քաղաքական հետապնդում, իսկ նախաքննությունն ու քրեական գործը տրամաբանությունից զուրկ են։–0–