Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները

17.09.2019, 22:50
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ, վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը։ 

«Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես և կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաևԱմուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին և շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը և օժանդակել հանքի գործարկմանը», – նշվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակները, հղում անելով անանուն աղբյուրին, նաև նշել են, որ Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, «ինչից վարչապետը զայրացել է ևհայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը»։ 

«Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։ Վաղը, մեր աղբյուրների պնդմամբ, կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը», – գրում է թերթը։–0–