Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

29.07.2021, 15:51
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում և «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ինչպես նաև դրանք համարեց անհետաձգելի:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ով ասաց, որ այս նախագծերն ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նաև նպատակայնության և ծավալների ընդլայնմանը:

«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»,-ասաց նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները:

Բացի այդ պետության կողմից աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են նաև սովորողների առանձին խմբեր մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները:

«Այս փոփոխությունների արդյունքում կառավարության կողմից կհաստատվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն նաև մարտական գործողություններին մասնակցած ուսանողների, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, ինչպես նաև կամրագրվեն առաջադիմության շեմեր (ՄՈԳ), նպատակ ունենալով խրախուսել սովորողների առաջադիմությունը»,-հայտարարեց Դումանյանը:

Նա հավելեց, որ ներկայումս առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից են ՄԿՈՒ համակարգում 60 %, բուհական համակարգում 70%, մագիստրտուրայում 80%:

Ըստ Դումանյանի, տրամաբանությունն այն է, որ կրթական ամեն հաջորդ աստիճանում պահանջները լինեն խիստ, բայց իրատեսական՝ ապահովելով միջին և միջինից բարձր առաջադիմություն, որով կխրախուսվի նաև ուսանողների գիտելիքների պաշարը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին կառավարության պահուստային ֆոնդից տրվել են միջոցներ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել երկու և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները:

«Աջակցություն կստանան միայն այն ուսանողները, որոնք կհաղթահարեն սահմանված առաջադիմության շեմը, բացառությամբ նախկինում շահառու հանդիսացած ուսանողների: Նախագծի ընդունման դեպքում, ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ: 2022-ին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023-ին՝ 6000, 2024-ին՝ 4600»,-նշեց նա:

Դումանյանը հիշեցրեց, որ կա նաև առանձին միջոցառում, որով 44-օրյա պատերազմի մասնակցած ուսանողներին, նրանց զավակներին և ամուսիններին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրվում, որով արդեն իսկ 7074 շահառու է ներգրավված, դրա համար արդեն տրամադրվել է 1,464 մլրդ դրամ:–0–