Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածք. ԳՇ պետի առաջին տեղակալը պարզաբանում է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

27.11.2020, 01:53
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը` Սոթքում կատարվածի մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածք. ԳՇ պետի առաջին տեղակալը պարզաբանում է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենինա/. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հրատապ ասուլիսի ժամանակ խոսել է Սոթքի հանքավայրի շուրջ տիրող իրավիճակի մասին։

Նա նշել է, որ, ըստ պայմանավորվածության, հայկական զինված ուժերը և այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինեն, որը իրականացվել է։

Խաչատրյանի խոսքով, զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։

Խաչատրյանը նաև նշել է, որ Սոթքի տարածաշրջանում ռուսական կազմակերպության կողմից շահագործվող ոսկու հանքի տարածքից տեսանյութեր են տարածվել, որ ադրբեջանցիները անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են: 

«Այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի տիրել։ Թյուրիմացությունը կապված է նրա հետ, որ պետական սահմանը Սոթքի հանքի հատվածում տեղաբաշխված է գրեթե կենտրոնական մասով, և այս տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տարածքի պաշտպանության համար», – ասել է Խաչատրյանը: 

ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի խոսքով, պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ և սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակով:

«Մեր զորքերը այդ անվտանգության գոտու ապահովման, պահպանման, պաշտպանության խնդիրներ իրականացնելու հարցում ընդգրկվածություն չեն ունեցել: Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով այդ արգելափակոցներին` խնդիր են բարձրացրել, որ սա իրենց տարածքն է: Հայկական կողմը զգուշացրել է ռուսական կողմին, որ նման խնդիր կա։ Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցություններ, որից հետո՝ չգիտեմ, թե ինչ համաձայնություն են ձեռք բերել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- նշել է նա:

Խաչատրյանն ընդգծել է նաև, որ հայկական կողմը չունի որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ։

Նրա խոսքով, ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան, երեկ էլ են փորձել այդ տարածք մտնել։

Ըստ Խաչատրյանի, Սոթքի լեռնանցքի ճանապարհով անցնում է սահմանը։

 - рис.1

«Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածք: Հանքի շահագործողը լինելու է հանքի տերը։ Ինձ հայտնի է եղել, որ տարածքի մի մասը գտնվելու է մեր տարածքում, մի մասը`ոչ: Հայտնի է եղել, նաև որ ռուսական կողմը կազմակերպում է ամբողջական տարածքի պահպանությունը», – ասել է Խաչատրյանն `ավելացնելով, որ այդ տարածքում խաղաղապահներ ընդգրկված չեն եղել։

Նա նաև նշել է, որ չգիտի` հետո կլինեն խաղապահներ, թե ոչ։

Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրի մոտով անցնում է Սոթք–Քարվաճառ մայրուղին, որը կապում էր Հայաստանն Արցախի հետ։ Այն նոյեմբերի 25–ից փակ է, քանի որ եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես ԱԺ–ում հայտարարել էր անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Քարվաճառի սահմանին երեկ դրված Քարվաճառի դարպասներն այսօր արդեն կոտրվել են և ադրբեջանական կողմն առաջ է գալիս։

Հայտնվեցին նաև տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել են Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքի տարածք։ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում են այդ լուրերը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։-0-