Շուտով ակնկալվում է ԱՀԿ–ից ստանալ կորոնավիրուսի ախտորոշման ևս 200 թեստ. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, հաղորդում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քննարկել հետագա քայլերի անհրաժեշտությանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա նաև նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:
«Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբով երեքշաբթի օրվա դրությամբ հիվանդանցել է 13 հազար 522 մարդ, Ուհան քաղաքում` 6 հազար 384, մահացել է 414 մարդ, Ուհանում` 313։
Բուժվել է 396 մարդ, 10 հազար 990 հիվանդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, 58 հազար 544 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ` կորոնավիրուսի կասկածանքով։–0–