Սկանդալային հայտարարության հետքերով. Վանեցյանը հաստատել է Դուբայում Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպման փաստը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ իր կոնտակտների մասին, երբ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը։
Վերջին օրերին սոցցանցերում և ԶԼՄ–ներում շրջանառվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունն այն մասին, որ 2018թ.–ի հոկտեմբերին Դուբայում Վանեցյանն Ադրբեջանի ԱԱԾ տնօրենից ստացել է ծրար, որը հետո փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանի խոսքով, ծրարում առաջարկվում էր Ադրբեջանին հանձնել Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարի դիմաց։
«Հրապարակը» դիմել է Վանեցյանին` պարզաբանումներ ստանալու համար։
«Ընդամենը հուշեմ, Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար», – հայտարարել է Վանեցյանը։
Վանեցյանը հրաժարական է տվել 2019թ.–ի սեպտեմբերին։ Իր հայտարարության մեջ նա նշել է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։
«Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել», – նշել է Վանեցյանը «Հրապարակ» օրաթերթին։–0–