Սահմանային լարված իրավիճակ և ՀԱՊԿ առաքելության տեղակայում. Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է մոնիտորինգային առաքելության տեղակայմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ–ի մոնիտորինգային առաքելության տեղակայման հարցին։
«Մոնիտորինգային առաքելության հետ կապված բանակցությունների որոշակի պրոցես կա», – նշեց մարզպետը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, խոսելով սահմանում ստեղծված լարված իրավիճակի մասին, նշել է. «Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով»:
Իրավիճակը սահմանին
Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։
Մանրամասները՝ տեսանյութում:–0–