ՍԴ–ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը:
Ըստ դրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Սահմանդրության 170-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
«ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս չարաբաստիկ հոդվածը։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ցավում եմ, որ սա բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց», - ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը, հաղորդում է aysor.am–ը։
«Ափսոս, որ 2021 թվականին միայն պետք է այս ամենն արձանագրվեր, բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ հետապնդումը դադարեցվելու է։ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից, որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում», - նշեց Քոչարյանի պաշտպանը՝ ավելացնելով.
«Սա նշանակում է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդված չկա»։–0–