ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք. ոստիկանություն

03.07.2020, 16:39
Ոստիկանությունից զգուշացնում են, որ ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք
ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2020թ.–ի հունիսի 22–ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և հունիսի 26–ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

«Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով», – նշում են ոստիկանությունից:

Ինչպես հաղորդում է armtimes.com–ը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։–0–