Քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող. վարչապետ

21.02.2020, 00:16
Փաշինյանի խոսքով, երբ բանակում դրամական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները»
Քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2019 թվականին արձանագրվել է բանակում զոհերի թվի առումով պատմական մինիմում։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ընդ որում բոլոր պատճառներով, քան 2019թ.–ին։ 2020 թվականին արձանագրենք, որ 13 զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով է և տեղի է ունեցել արդեն չորս ինքնասպանության դեպք», - ասել Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ բանակում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

«Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման, և մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք առաջ կկարողանանք շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով», - նշել է նա:

Նրա խոսքով, քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:

«Երբ բանակում դրամական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները»։ Սա վարկած է, ուղղակի բարձրաձայնում եմ, հանրությունը պիտի իմանա։ Ես եկել եմ էսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի, կիսվել եմ իմ գործընկերների հետ և տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումով ենք ավելացրել զինվորների փողը, բայց, քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին որ հանձնարարել եմ, որ պետք է լինի, դրա համար էլ այդ ուղղության երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից», - նշել է վարչապետ Փաշինյանը:–0–