Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի (ներառված են ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը) օգտին արտահերթ խորհրդարանական ընտրություններին այս պահին պատրաստ են իրենց ձայնը տալ ամենից շատ թվով քաղաքացիներ։
«GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած արդյունքների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ընտրողների ձայները կբաշխվեին հետևյալ կերպ.
24,1% – «Հայաստան» դաշինք
23.8% – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
7,4% – «Պատիվ ունեմ» դաշինք
3,7% – «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
3,1% – «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
2,5% – «Շիրինյան–Բաբաջանյան» դաշինք
2,3% – «Հանրապետություն» կուսակցություն
0,8% – «Ազգային–դեմոկրատական բևեռ» կուսակցություն
Հարցվածների 9,2%–ը ոչ ոքի օգտին չեն պատրաստվում քվեարկել, 8,7%–ը դժվարացել է պատասխանել, հարցվածների 9,5%–ը հրաժարվել է պատասխանել։
Հարցվածների 53,9%–ը նշել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, ամենայն հավանականությամբ կմասնակցի 10,3%–ը, ավելի շատ չի մասնակցի 12,8%–ը, միանշանակ չի մասնակցի 22,7%–ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 0,4%–ը։
Հունիսի 7–10–ն ընկած ժամանակահատվածում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1103 մարդ Հայաստանի ողջ տարածքից։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20–ին։ ԿԸՀ–ն գրանցել է 4 դաշինքի և 22 կուսակցության ընտրացուցակ։ Սակայն «Հայոց արծիվներ» կուսակցությունը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին, իսկ Դեմկուսը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի թեկնածության գրանցումը ԿԸՀ–ն համարել է անվավեր։–0–