Փոխնարար. զարգացման հատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի Արմենիա/. Պետական ծրագրի շրջանակում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում։
Այս մասին նախօրեին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագրին, որը ներկայացվել է հանրային քննարկմանը:
«Պետությունն է ֆինանսավորում հատկացնելու այն խմբերին, որոնք ունեն դժվար մատչելիություն նախադպրոցական կրթությանը, օրինակ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում»,- ընդգծեց Անդրեսյանը։
Անդրեասյանը նաև ասաց, որ ծրագրի իրականացումը կապահովի բոլոր բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:
«Ըստ էության մենք մեկ միասնական կառուցվածք ենք որդեգրել բոլոր կրթական մակարդակների համար, որի համաձայն կրթության զարգացման պետական ծրագիրը պետք է անդրադառնա թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթական բովանդակությանը, թե՛ դասավանդողներին, և կրթական ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսներին, ինչպես նաև կառավարման ձևերին, որոնք պետք է նպաստեն զարգացման քաղաքականությանը»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, նախադպրոցական կրթության ոլորտում ծրագրով սահմանված է, որ մինչև 2030 թ.-ը պետք է հասնել նրան, որ բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ ծառայությունից:
«Մեր նպատակն է ապահովել, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նաև որևէ նախադպրոցական ծառայությունում, ինչը կնպաստի դպրոցում երեխայի առավել արդյունավետ ներգրավմանը դասապրոցեսին»,- հայտնեց փոխնախարարը
Նա հավելեց նաև, որ հստակ թիրախ է արձանագրված, որ 3-5 տարեկան երեխաների 95%-ը ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում՝ հիշեցնելով, որ 2026 թ.-ի կառավարության ծրագրով ևս թիրախ է սահմանված 85% ընդգրկվածությունը:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու նաև մսուրի ծառայություններին և հասնելու են նրան, որ բոլոր համայնքներում ապահովվի նման ծառայությունները:
«Հետազոտությունները փաստում են, որ նախադպրոցական ծառայությունը հստակ նպաստում է դպրոցում ավելի բարձր արդյունքների գրանցմանը։ Այո, մենք պետք է փորձենք հասնել նրան, որ 5-6 տարեկան բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը նախադպրոցական որևէ ծրագրում ներգրավված լինեն։ Իսկ ինչ մնում է այլ թիրախներին՝ ավելի ցածր տարիքի երեխաների մասով, կարող եմ ասել, որ հստակ թիրախ է ամրագրված նաև, որ 3-5 տարեկանների առնվազն 95%-ը ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում ու սա շարունակելու է կառավարության ընթացիկ քաղաքականությունը»,- ասաց նա։-0-