Պաշտպանված է հարևանդ, պաշտպանված ես դու. ինչպես են պատվաստվելու օտարերկրացիները Հայաստանում, պարզաբանում է նախարարի պ/կ–ն

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ պարզաբանել է, թե ինչու են Հայաստանում ակտիվորեն պատվաստում օտարերկրացիներին։
Գերատեսչության տվյալներով, երկրում արդեն կատարվել 97 711 պատվաստում (միայն մեկ օրում` հուլիսի 7–ին` 5416)։ Բայց դիտարկումը ցույց է տվել, որ պոլիկլինիկաներում և շարժական կետերի մոտ կանգնած են հիմնականում օտարերկրացիները` առավելապես Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Բանն այն է, որ Հայաստանում պատվաստանյութերը գնվում են պետբյուջեի միջոցներով և անվճար են բոլոր ցանկացողների համար` ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների։
Այս կապակցությամբ կառավարության նիստի ժամանակ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Հայաստանում առկա կորոնավիրուսի պատվաստանյութերը շատ պահանջված են օտարերկրացիների կողմից։
«Արդյունքում պոլիկլինիկաներում և Պատվաստման կենտրոններում առաջանում են կուտակումներ, ինչի պատճառով մեր քաղաքացիները, այդ թվում` տարեցները, ստիպված են երկար սպասել։ Մանավանդ մեր տարեց քաղաքացիների մասով չենք հասցնում: Գոնե արտոնյալ կարգով նրանց ընդունենք, որպեսզի չսպասեն», – հարց ուղղեց Սինանյանը առողջապահության նախարարի պաշտոնակատարին։
Դրան ի պատասխան` Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում իրականացվող պատվաստման քաղաքականությունը մեծ արձագանք է գտել նաև օտարերկրացիների շրջանում։
«Մենք հետևում ենք սկզբունքին, որ պաշտպանված ենք մենք, եթե պաշտպանված են բոլորը: Ինչքան շատ անձինք անկախ քաղաքացիությունից պատվաստված լինեն, այնքան մեր քաղաքացիները պաշտպանված են: Այո, արտասահմանցի շատ քաղաքացիներ գալիս են Հայաստան պատվաստվելու նպատակով: Մենք երեկ որոշում ենք կայացրել, որ պոլիկլինիկաները այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին, իսկ արտասահմանից ժամանածները կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են», – նշեց Ավանեսյանը։
Նշենք, որ հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:–0–