Փաշինյանն արձագանքել է իր հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկին

27.12.2021, 10:53
Փաշինյանն արձագանքել է իր հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկին
Փաշինյանն արձագանքել է իր հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկին
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում արձագանքել է Արցախի մասին իր հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկին։

Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը

Դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն», - նշել է ՀՀ վարչապետը:

«Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ: Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական էին լինելու», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանի արձագանքը

Ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որը նա հրապարակել է իր Facebook–յան իր էջում։

«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով.

1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։

2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։

3. Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։

4. Այս և մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։

5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը։

6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։

7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»։

Արցախի նախագահի և արտգործնախարարի արձագանքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ մի քանի հիմնական դրույթ է շեշտադրել։

«Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության» ,- նշել է Հարությունյանը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքներից, որոնք ներկայումս օկուպացված են Ադրբեջանի կողմից։–0–