ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում մեկնաբանել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր վարչապետն ընտանիքի հետ միասին լքելու է Հայաստանը:
«Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։ Բնականաբար այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի», - գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-յան իր էջում:
Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։
«Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում», - նշել է Չախոյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում