Փաշինյան. ընդիմությանն ավելի շատ են «դավաճան» ու «կապիտուլյանտ» անվանում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է:
«Հարյուր անգամ եմ ասել, որ ես ինձ մեղավոր եմ համարում», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ընդդիմությանն ավելի շատ են դավաճան ու կապիտուլյանտ անվանում, քան կառավարությանը:
«Եթե դուք տեղյակ չեք, ձեզ տեղեկացնեմ, որ ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Եվ ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ՝ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կլինեն: Այո, ես ինձ մեղավոր համարում եմ, հատկապես 2018 թ.-ից հետո բանակը կոռուպցիայից չազատելու մեջ»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով պատերազմի արդյունքներին` Փաշինյանը նշեց, որ ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ:
«Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու որոշում կայացնեն: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց նաև, որ անընդհատ Լելե Թեփեի մասին են ասում, մինչդեռ ինքը ոչ մի անգամ այդ անունը չի տվել:
«Լելե Թեփե օպերացիա, նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանը 2016 թ.-ին կորցրել է: Ինձ համար դա քաղաքական նշանակություն ունի, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է»,- եզրափակեց նա:–0–