«Պահանջում ենք՝ ԱԺ գա գլխավոր դատախազը և բացատրություն տա».Սեյրան Օհանյանը` Չարչյանին կալանավորելու մասին

24.08.2021, 11:23
«Պահանջում ենք՝  ԱԺ գա գլխավոր դատախազը և բացատրություն տա».Սեյրան Օհանյանը` Չարչյանին կալանավորելու մասին
«Պահանջում ենք՝  ԱԺ գա գլխավոր դատախազը և բացատրություն տա».Սեյրան Օհանյանը` Չարչյանին կալանավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշումը հակասում է Սահմանադրությանը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Քաղաքական իշխանությունների կողմից երեկ կալանավորվեց մեր գործընկերը։ Դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը»,- նշեց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում է, որպեսզի ապահովեն պատգամավորների բնականոն գործունեությունը և առաջարկում բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։

«Պահանջում ենք՝ նաև Ազգային ժողով գա գլխավոր դատախազը և բացատրություն տա»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Հայաստան»  դաշինքի  պատգամավոր  Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): 

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:–0–