ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև

09.04.2021, 14:54
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անհետ կորածների և գերիների հարազատները մեկ օրից ավել է` բողոքի ակցիա են կազմակերպել ՊՆ–ի շենքի մոտ։ 

Նրանք պահանջում են հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։ Շենքի մոտ են հավաքվել մեծ թվով ոստիկաններ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ, ինչի հետևանքով դրանք մասնակի վնասվեցին։ Ոստիկաններին հաջողվեց հետ քաշել ցուցարարներին դարպասների մոտից։

Ապրիլի 8–ից անհետ կորածների և գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ–ի շենքի մոտ։ Նրանք փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին մտնել ՊՆ–ի տարածք` պահանջելով լուծել իրենց հարազատների հետ կապված հարցերը։ ՊՆ–ին արդեն երկու անգամ ուղղաթիռ է մոտեցել։

Նախօրեին ակցիայի մասնակիցներին առաջարկել են կազմել մի քանի հոգանոց խմբեր, որոնց կընդունի նախարարը, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԳՇ պետն անձամբ դուրս գան իրենց մոտ։

Նշենք, որ նախօրեին հայ գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ` սպասելով Բաքվից ժամանող օդանավին, որով պետք է Հայրենիք վերադառնային Ադրբեջանում գտնվող հայ գերիները։ Բայց նրանք չվերադարձան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն տարածեց`նշելով, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։–0–