Մովսես Հակոբյանը կրկին հայտարարեց Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին. ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները

23.03.2021, 15:08
Մովսես Հակոբյանը կրկին հայտարարեց Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին. ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները
Մովսես Հակոբյանը կրկին հայտարարեց Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին. ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՇ նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հաստատեց իր հայտարարությունն այն մասին, որ Արցախյան պատերազմի ժամանակ կիրառվել են «Իսկանդերներ»։

Նրա խոսքով, «Իսկանդերը» կիրառելու դեպքում չի կարող չպայթել։

«Կրած կորուստների մասին տեղեկատվություն կարող է տրամադրել միայն հակառակորդը` հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Առաջինը, այն տարածքը, որտեղ կիրառվել է «Իսկանդերը», վատ է երևում մեծ հեռավորության վրա, երկրորդը` համալիրը կիրառվել է ամպամած ժամանակ, ինչը ևս տեսանելիության հետ կապված խնդիրներ է առաջացրել», – ասաց նա ասուլիսի ժամանակ։

Հակոբյանն ընդգծեց, որ այն տարածքները, որտեղ կիրառվել է «Իսկանդերը», չեն վերադարձվել, այդ պատճառով հայկական կողմը չի կարող արձանագրել զենքի կիրառման հետևանքները։

Նոյեմբերի 19–ին կայացած ասուլիսի ժամանակ Հակոբյանը (դրանից մեկ օր առաջ նա հրաժարական էր տվել ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից) հրապարակել էր ավելի վաղ անհայտ տեղեկատվություն Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքի գործողությունների մասին։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ Արցախում կիրառվել են «Իսկանդերներ», սակայն չի կարող նշել, թե որ ուղղությամբ։ Այդ տեղեկատվությունը «պայթեցրեց» Հայաստանի լրատվական դաշտը, Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ավելի ուշ` հունվարի 25–ին, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեկնաբանեց «Իսկանդերի» կիրառման լուրերը։ Նա նշեց, որ «Իսկանդերի» հարվածի հետևանքով պետք է առաջանար ուժեղ երկրաշարժ, սակայն Շուշիում որևէ նմանատիպ բան չի եղել։

«Եթե հարվածեին «Իսկանդերով», Շուշիում ոչ մի շենք չէր մնա, քանի որ քաղաքում հին շինություններ են», – հայտարարել է նա։

Փաշինյանի հայտարարությունն ու Մոսկվայի արձագանքը

Միաժամանակ մոտ մեկ ամիս առաջ 1in.am–ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ««Իսկանդերները» չեն պայթել կամ պայթել են միայն 10%–ով»։

Դրան ի պատասխան ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Արցախում պատերազմի ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել։ Ինչպես նշել են ՌԴ ՊՆ–ից, հրթիռների ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում։

Ավելի ուշ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, մեկնաբանելով «Իսկանդերի» մասին վարչապետի աղմկահարույց հայտարարությունը, ասաց, որ «վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։–0–