Մեքենաների «գոլդ» համարանիշերը գողանալը կդառնա անիմաստ. կառավարություն որոշում ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «գոլդ» համարանիշերի գողությունը կդառնա անիմաստ։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերում։
Նա նշեց, որ ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ:
«Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։ Առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի (12 հազար դրամ) դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր», – ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով, որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց:
«Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը։
Նա հավելեց, որ որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Այս կապակցությամբ բարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են պետհամարանիշերը և սեփականատերերից դրամ շորթելով այն վերադարձնում են:
«Վերջին շրջանում մեր իրավապահները մի քանի այդպիսի խմբեր հայտնաբերել են, բայց մենք որոշեցինք, որ այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել այս որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն քաղաքացին ոչ թե ստիպված կլինի մեծ փրկագին վճարել, այլ ստանալ կրկնօրինակը պատկամ մարմնից», – ասաց Փաշինյանը։–0–