Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել

02.05.2024, 11:11
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել
Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Այսօր Տավուշի մարզում ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է բերվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել», – նշել է Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Կիրանց գյուղում վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով ոստիկաններ են բերվել։

Իրավապահները փակել են Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը։ Նրանք հայտնում են, որ իրականացվում է հատուկ գործողություն, ճանապարհը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ . ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար: