Ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով. Հայաստանին արկտիկական հոսանքներ են մոտենում

03.03.2022, 10:28
Ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով. Հայաստանին արկտիկական հոսանքներ են մոտենում
Ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով. Հայաստանին արկտիկական հոսանքներ են մոտենում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային մասում երկու օրում դիտվել է ամսական նորմայի 40-60 տոկոսի չափ տեղում։

Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած լեռան մերձգագաթային մասում հասնում է 129սմ, Ամբերդում և Ջերմուկում՝ 56սմ, Ամասիայում և Հրազդանում՝ 35սմ։

Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Հատկապես ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում նաև ամպրոպներ են սպասվում այսօր՝ գիշերային ժամերին, այսօր ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։

 Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում մարտի 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 07-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 5–ի գիշերը սպասվում է մինչև -3, ցերեկը` +7...+9։–0–