Ինչու՞ է Սևանը դատարկ․ թեժ բանավեճ՝ ԱԺ–ում ՀՀ տարածքի մակետի շուրջ

20.01.2025, 13:23
Հայաստանի Ազգային ժողովի նոր նստաշրջանը, հին ավանդույթի համաձայն, սկսվեց փոխադարձ մեղադրանքներով
Ինչու՞ է Սևանը դատարկ․ թեժ բանավեճ՝ ԱԺ–ում ՀՀ տարածքի մակետի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Ազգային ժողովի նոր նստաշրջանը, հին ավանդույթի համաձայն, սկսվեց փոխադարձ մեղադրանքներով։

Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լուսանկար էր բերել, որում պատկերված են Հայաստանն ու Արցախը միասին՝ ասելով, որ սա այն հայրենիքն է, որում ապրել են բոլորը և որով հպարտացել են բոլորը։ Դրանից հետո նա լուսանկարը փակցրեց ամբիոնին։

Դրան արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ 10 տարի Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները վարել է Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահը), որն այն քաղաքական ուժի ղեկավարն է, որում ընդգրկված է Մկրտչյանը։

«Տիկին Մկրտչյանը նոր բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները և ասեց, որ սա մեր հայրենիքն է, ևայս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը։ Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, ինքը 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ։ Այսինքն Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշե՞լ է չէ, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ: Ասե՞լ է չէ՞, չեք հերքի: Այսինքն,  հայրենիքից պատրաստ էր դո՞ւրս գալ, ուզում էր հանձնե՞լ հայրենիքը դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք», – ասաց Ռուբինյանը։

Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ չափորոշիչներով է ստեղծվել Հայաստանի տարածքի մակետը, որը փակցված է նիստերի դահլիճում և ինչու է դատարկ այն հատվածը, որտեղ պետք է լինի Սևանա լիճը։

Դրան ի պատասխան՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ուրախ է, որ ընդդիմությունը վերջապես ճանաչեց, որ դա Հայաստանի տարածքն է։ Դրանից հետո նա Մինասյանին հարցրեց, թե քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի տարածքը։

«Հետաքրքիր է, որ չեք պատասխանում իմ հարցին, խնդիրը շատ ավելի խորն է։ Հայաստանի տարածքը, ըստ գործող օրենսդրության, 29 743 քառակուսի կմ է, բայց արդյոք սա նշանակու՞մ է, որ դուք պետք է ուրանաք, մոռանաք, հանձնեք Հայաստանի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները», – ասաց Մինասյանը։

Դրան ի պատասխան՝ Սիմոնյանը հարցրեց․ «Այտեղ ինչ–որ տարածք կա՞, որը Հայաստանի Հանրապետությանը պատկանում է և նկարագրված չէ՞»։

«Այսինքն ընտեղ պետք է պուճուրիկ նկարներ դնեի, ասեի՝ ըստեղ թշնամին է մտել, հա՞։ Ես սա եմ ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածք»,– ասաց Սիմոնյանը։

Մինասյանն իր հերթին նշեց, որ Սիմոնյանը փորձում է փոխել շեշտադրումները, քանի որ նա բարձրացնում է մակետի բովանդակության և որակի հարցը։

«Ցանկացած պետական դրոշ, նշան, տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին։ Այդ պատճառով ես հարցնում եմ, ինչ հրամանի հիման վրա է ստեղծվել այս մակետը»,– ասաց նա։

Այս անգամ նրան պատասխանեց Ռուբինյանը, ով նշեց, որ այս մակետը ստեղծվել է դասագրքերի պատկերների հիման վրա, որոնք ժամանակին հաստատվել են նախարար Լևոն Մկրտչյանի կողմից։

«Խնդիր ունե՞ք այս մակետի հետ, գնացեք Լևոն Մկրտչյանին ասեք՝ էս ինչի՞ ես սխալ մակետ դրել դասագրքերի մեջ, ինչու՞ ես պղծել մեր մանուկներին և աշակերտներին։ Ի՞նչ է նշանակում՝ «Ի՞նչու է Սևանը դատարկ»։ Ի՞նչ եք ակնարկում, որ Սևանը հանձնե՞լ ենք։ Պարզ չի, որ դատարկ ա, որովհետև ընդգծվում ա, որ սա մեծ լիճ ա», – ասաց նա՝ մեղադրելով ընդդիմությանը երեսպաշտության մեջ։

Մակետի հարցի քննարկումն ավարտելուց հետո պատգամավորները վերադարձան տարածքների հանձնման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներին, որոնք դադարեցին միայն օրակարգային հարցերի քննարկումը սկսելուց հետո։