Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. ոստիկանություն

01.08.2019, 11:11
Քրեական գործ է հարուցվել Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ։
Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 178 հոդված 3-րդ մասի 1–ին կետի հատկանիշներով` խարդախություն», – նշեց Ջանոյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին հայ զբոսաշրջիկները չէին կարողանում վերադառնալ Հուրգադայից դեպի Երևան նախատեսված չվերթի չեղարկման հետևանքով։ Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Հուրգադա–Երևան ավիաչվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան կառավարության կողմից ֆինանսավորած չարտերային չվերթերով։

Եգիպտոսում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ A&R հայկական տուրօպերատորը չի կատարել իր ֆինանսական պարտավորություններն ավիափոխադրողի նկատմամբ, ինչի կապակցությամբ Հուրգադա–Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել։–0–