Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

29.01.2021, 11:41
Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով
Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–