Հայաստանում ռազմական հեղաշրջում չկա. Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանն ու ԱԱԾ–ին աջակցել Բանակին (ՎԻԴԵՈ)

«Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը ԳՇ պետի ազատման մասին Փաշինյանի հրամանը հետ կուղարկի` առարկություններով, հակառակ դեպքում այնպես կստացվի, ինչպես ասել էր Ալիևը` «Հայաստանը մահացել է և ոտքի չի կանգնի»», – ասաց Մանուկյանը Բաղրամյանի պողոտայում հավաքված լրագրողներին։
Նրա խոսքով, եթե անգամ նման բան տեղի չունենա (խոսքը Սարգսյանի գործողությունների մասին է), Բանակը պետք է չենթարկվի Օնիկ Գասպարյանի հեռացման մասին Փաշինյանի անօրինական հրամանին։
Հայաստանում հեղաշրջում չկա
Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ մի ռազմական հեղաշրջում չկա։
«Ռազմական հեղաշրջման ժամանակ Բանակը մտնում է քաղաք, վերցնում է իշխանությունը կամ փոխանցում է այն ինչ–որ մեկին։ (Հայկական) բանակը որևէ նման գործողություն չի կատարել, միայն արտահայտել է իր կարծիքը, որ Հայաստանին սպառնում է հենց Նիկոլ Փաշինյանը, և նա կաջակցի ժողովրդին, եթե ժողովրդի դեմ կիրառվի կոպիտ ուժ», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Ինչպես կարծում է Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը հիմա որևէ հենարան չունի։
«Կոչ եմ անում ոստիկանությանն ու ԱԱԾ–ին միանալ Բանակին», – հայտարարեց նա։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–